Տերևաթափ
Հովհաննես Թումանյան
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև, ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան, Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։
Ամպն ու սարը
Հովհաննես Թումանյան
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սպիտակ
Վերմակի տակ։
Անտառում
Համո Սահյան
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Անտերև ծառ
Աթաբեկ Խնկոյան
Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:
Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.
— Հե՞ր (ինչո՞ւ) տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր (թափեցիր):