Հայոց լեզու

Եղեգնուհին

Плачь девочки из сказки - Domimacak.eu

2-րդ մաս

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

 ընկղմվել-սուզվել, խորասուզվել

փառավոր-շքեղ, հարուստ

այլանդակ-տգեղ, գեշ

շուշաբանդ -շատ լուսամուտներով սենյակ։

 սաթ-դեղնավուն բնական քարի տեսակ

փարատել-սփոփել կարեկցել։

ուռկան-կարթ, ձուկ բռնելու գործիք

  1. Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

գցել-բռնել

գեղեցկություն-տգեղություն

հրեշտակ-սատանա

խարդախություն-ճշմարտություն

ննջել-արթնանալ

  1. Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Բոշան Եղեգնուհուն խեղտեց ջրի մեջ և թագավորի նաժիշտներին խաբելով հայտնվեց թագավորի պալատում։

  1. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

  1. Նկարագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին միամիտ, չքնախ և աննման աղջիկ էր։

  1. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:

Նա արծաթե հրաշալի ձուկ էր դարձել իսկ թեվերը ոսկի։

3-րդ մաս

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

տաշեղ-Փայտի կտոր

շյուղ-ծառի բարակ ճյուղ, շիվ

բղուղի-կճուճ

  1. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

մշտադալար=Միշտ+դալար Միշտ կանաչ լինել

իրիկնադեմին=Իրիկուն+ա+դեմ երեկոյան

  1. Ինչպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Ձկան փշից դարձավ ծառ, ծառը կտրեցին տաշեղը ընկավ պառավի տուն և դարձավ աղջիկ։

  1. Բնութագրեք Եղեգնուհուն:

Նա շատ բարի, չքնաղ աղջիկ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s