Բնագիտություն

Հայկական Իժ

Գրանցված ՀՀ կարմիր գրքում։

Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների` միջազգային, ազգային և տարածաշրջանային:

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով: Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը:

Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:

Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:

Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:

Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:

Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:

Հայկական իժը բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով:
Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:
Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:
Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ:
Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր:
Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք ծնված օրվանից կարող են խայթել և թունավորել մարդուն:
Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի շրջանը: Չնայած այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:
Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա, պարանոցին մոտիկ ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն։